Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

«Գաղջ բաստիոնի» գերագույն Գաղջը-2

«Գաղջ բաստիոնի» գերագույն Գաղջը-2
14.06.2026 | 20:41

(Հայտնության պատգամն ու «100% օրգանիկ» սուտը)

Սկիզբը՝ այստեղ

Հրապարակմանս երկրորդ մասը որոշել էի տեղադրել վաղը, բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Առաջին մասի հրապարակումից բառացիորեն վայրկյաններ անց ինքնահռչակ վարչապետը հերթական անպատասխանատու հայտարարությամբ իրազեկեց «թավշի» վերջնական ավարտի մասին՝ դրանով իսկ տալով սեփական հոգեբանական ու բարոյական ձևախեղման ամենացայտուն ապացույցը։

«Առաջիկա քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը։ Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն: Սրանք պետք է հացին կակա ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել։ Սա է քաղաքական օրակարգը, և այս առումով հեղափոխությունը այլևս չի կարող լինել թավշյա»։

Հանրությանը «եժովյան ձեռնոցներով» սպառնալը, ընդդիմադիր գործիչներին թիրախավորելն ու «հացին կակա ասել» պարտադրելու բոսյակային հռետորաբանությունը ոչ միայն վերջնականապես թաղեցին «ժողովրդավարության բաստիոնի» մասին կեղծ առասպելը, այլև բացեցին հոդվածիս երկրորդ՝ ամենակարևոր հարցադրման դռները։

Ինչպիսի՞ իրավական և քաղաքական աղետ կհաջորդեր այս հայտարարությանը քաղաքակիրթ աշխարհում։

Ցանկացած կայացած ժողովրդավարական երկրում, որտեղ իշխանության թևերը տարանջատված են, իսկ օրենքի գերակայությունը՝ սրբություն, երկրի ղեկավարի հնչեցրած նման տեքստը կդիտարկվեր որպես բացահայտ ահաբեկչություն, սպառնալիք, պետական ռեկետ և սեփականության իրավունքի տոտալ ոտնահարում։

Ահա թե ինչ կլիներ այնտեղ:

Նման խուժան «տեսաուղերձին» կհաջորդեր իրավապահ համակարգի անհապաղ արձագանքը։

Իրական ժողովրդավարության մեջ Գլխավոր դատախազն ու հատուկ քննչական մարմինները հայտարարությունից րոպեներ անց կա՛մ քրեական գործ կհարուցեին երկրի ղեկավարի դեմ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, ահաբեկման ու սպառնալիքի հիմքով, կա՛մ նրանից կպահանջեին անհապաղ ներկայացնել կոնկրետ փաստեր։ Եթե փաստեր չկան, ապա հայտարարություն անողը կմեղադրվեր զրպարտության և պետական ինստիտուտները սեփական քաղաքական վենդետաների համար օգտագործելու մեջ։

Խորհրդարանը նույն օրը ևեթ կնախաձեռներ արտահերթ նիստ։

Անգամ իշխող կուսակցության «առողջ» անդամները, սեփական քաղաքական ապագան ու երկրի վարկանիշը փրկելու համար, հետ կկանչեին իրենց մանդատները կամ կմիանային ընդդիմությանը՝ վարչապետին անվստահություն հայտնելու՝ իմպիչմենտի, գործընթացին։ Բռնապետական անցյալի ՝ «ունեզրկել», «հացին կակա պիտի ասեն», «հեղափոխությունը այլևս չի կարող լինել թավշյա» խորհրդանիշներով սպառնացող ղեկավարը վայրկյանների ընթացքում կմեկուսացվեր քաղաքականությունից։

Կհաջորդեին դատական հայցերն ու աստղաբաշխական փոխհատուցումները։

Այն անձինք, ում հասցեին հնչել են «հացին կակա ասելու» կամ «ունեզրկելու» սպառնալիքները, նույն պահին կդիմեին անկախ դատարան, որը ոչ միայն կպաշտպաներ քաղաքացիների անձնական անձեռնմխելիությունն ու սեփականության իրավունքը, այլև երկրի ղեկավարին կպարտադրեր վճարել միլիոնավոր դոլարների փոխհատուցում՝ հանրային զրպարտության և արժանապատվությունը վիրավորելու համար։

Իրավական երկրում նման լպիրշ սպառնալիքը կդառնար տվյալ գործչի քաղաքական գերեզմանը։

Ոչ միայն ինքը, այլև իր ողջ քաղաքական թիմը տասնամյակներով կզրկվեին հանրության աչքերին երևալու հնարավորությունից։

Մամուլի, հանրության և սեփական թիմի ճնշման տակ նման ղեկավարը հրաժարական կտար հենց հաջորդ առավոտյան՝ ընդմիշտ փակելով իր ճանապարհը դեպի հանրային կյանք։

Իրական ժողովրդավարությունը չափվում է ոչ թե նրանով, թե որքան գեղեցիկ ստեր է խոսում իշխանությունը ընտրություններից առաջ ու հետո, ինչպես է սպառնում, այլ նրանով, թե որքան արագ է պետական մեխանիզմը պատժում և ինքնամաքրվում այն ղեկավարից, որն իրեն թույլ է տալիս անցնել օրենքի և բարոյականության բոլոր կարմիր գծերը։

Իսկ ի՞նչ ունենք մենք այսօր «նիկոլական բաստիոնում»: Իրավապահ համակարգը ոչ թե քրեական գործ է հարուցում սպառնալիք հնչեցնողի դեմ, այլ պատրաստվում է կատարել «եժովյան ձեռնոցներ» հագնելու նրա հրահանգը։

Խորհրդարանական մեծամասնությունը հպարտորեն ծափահարում է հակաօրինական այս վակխանալիային, իսկ հանրության մի հատված դեռ շարունակում է հավատալ, որ սա «ժողովրդավարություն» է։

Այժմ կոնկրետ դրվագներով փորձենք հստակեցնել, թե ինչ է լինում իրական ժողովրդավար հասարակություններում հետո, երբ իշխանությունը կորցնում է իրականության զգացողությունը և իրեն քննադատող ցանկացած անհատի (լրագրողի, գիտնականի, դասախոսի, շարքային քաղաքացու) դիտարկում է որպես «ծախված» կամ «դավաճան»։

Խոսենք փաստերով (բոլոր օրինակները վերցված են համացանցից)։

1․ Ռիչարդ Նիքսոնը և «թշնամիների ցուցակը» (ԱՄՆ, 1970-ականներ)

ԱՄՆ նախագահ Նիքսոնը ստեղծել էր իր քաղաքական հակառակորդների և անհարմար մտավորականների գաղտնի ցուցակ (Nixon's Enemies List), որոնց դեմ օգտագործում էր պետական լծակները՝ հարկային ստուգումներ, հետապնդումներ, զրպարտություններ տարբեր ամբիոններից։

Երբ այս ամենը բացահայտվեց ՈՒոթերգեյթյան սկանդալի շրջանակներում, հանրությունը տեսավ իշխանության ողջ նենգությունն ու «փչացածությունը»։

Իսկ Նիքսոնը դարձավ ԱՄՆ պատմության մեջ միակ նախագահը, որը ստիպված եղավ հրաժարական տալ՝ իմպիչմենտից խուսափելու համար։

2․ Գորդոն Բրաունը և «մոլեռանդ կինը» (Մեծ Բրիտանիա, 2010 թ.)

Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը նախընտրական շրջանում փողոցում զրուցում էր մի տարեց կնոջ՝ Ջիլիան Դաֆիի հետ, որն ավանդաբար ընտրում էր հենց Բրաունի կուսակցությանը, բայց ներգաղթյալներին առնչվող հարցեր ուներ։

Խոսելուց հետո Բրաունը նստեց իր մեքենան՝ մոռանալով անջատել հագուստին ամրացված բարձրախոսը, և օգնականին ասաց.

«Սա ուղղակի աղետ էր... Ո՞վ էր այդ մոլեռանդ, նեղմիտ կինը»։

Բրաունի բառերն ուղիղ եթերով հնչեցին հեռուստատեսությամբ։ Երկրում բարձրացավ համատարած ցասման ալիք։

Վարչապետը ստիպված եղավ անձամբ գնալ այդ կնոջ տուն և հրապարակավ՝ տեսախցիկների առաջ ներողություն խնդրել։

Սակայն հարվածն անդառնալի էր. Բրաունի կուսակցությունը խայտառակ պարտություն կրեց ընտրություններում, և նա հրաժարական տվեց։

3․ Միթ Ռոմնին և «նպաստառու 47 տոկոսը» (ԱՄՆ, 2012 թ․)

ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին փակ հանդիպման ժամանակ արտահայտել էր մի միտք, որը գաղտնի ձայնագրվել էր և հայտնվել մամուլում։

Ի՞նչ էր ասել նա։ Հայտարարել էր, որ Ամերիկայի բնակչության 47 տոկոսը ցանկացած դեպքում քվեարկելու է գործող նախագահ Օբամայի օգտին, որովհետև նրանք «կախված են պետությունից, իրենց զոհ են զգում և չեն ուզում պատասխանատվություն ստանձնել սեփական կյանքի համար»։

Ի՞նչ հաջորդեց։

Հասարակությունն ասվածն ընդունեց որպես մեծամիտ հարուստի հայացք սովորական քաղաքացիների նկատմամբ («սեփական արշինով չափելու» դասական օրինակ)։ Ռոմնիի վարկանիշը գահավիժեց, նրան չներեցին հանրության գրեթե կեսին «մակաբույծ» անվանելու համար, և նա պարտվեց ընտրություններում։

4․ Հիլարի Քլինթոնի և Թրամփի ընտրողների «ողբալիների բանակը» (ԱՄՆ, 2016 թ․)

Սա միջազգային պրակտիկայի թերևս ամենահայտնի օրինակն է, որը Քլինթոնին արժեցավ նախագահական աթոռը։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ Դոնալդ Թրամփի ընտրողների կեսին կարելի է տեղավորել «ողբալիների զամբյուղի» մեջ (Basket of deplorables)՝ նրանց անվանելով ռասիստներ, տգետներ և հետամնացներ։

Այս խոսքերը կատաղի հակազդեցություն առաջացրին հասարակության մեջ։ Միլիոնավոր սովորական աշխատավոր ամերիկացիներ վիրավորվեցին, որ քաղաքական դիրքորոշման համար երկրի էլիտան իրենց պիտակավորում է։

Թրամփի թիմը հանճարեղորեն օգտագործեց այդ «սայթաքումը». մարդիկ սկսեցին հպարտությամբ կրել «Ես ողբալի եմ» գրությամբ շապիկներ։

Վերլուծաբանների համոզմամբ՝ սեփական ժողովրդին նվաստացնող այս մեկ ձևակերպումը դարձավ Հիլարի Քլինթոնի պարտության գլխավոր պատճառներից մեկը։

Ո՞րն է վկայակոչված օրինակների ընդհանուր հայտարարը. միջազգային փորձը ցույց է տալիս, որ կայացած քաղաքական մշակույթ ունեցող երկրներում հանրությունը երբեք չի ներում, երբ իշխանությունը փորձում է վեր կանգնել ժողովրդից, պիտակավորել նրան կամ սեփական քաղաքացուն մեղադրել «ծախված» լինելու մեջ։

Այս օրինակների ֆոնին մերօրյա հայաստանյան իրականությունը դառնում է ոչ թե պարզապես տխուր, այլ ողբերգական։ Այնտեղ, որտեղ քաղաքակիրթ առաջնորդները կորցնում են աթոռն ու քաղաքական ապագան՝ սեփական ժողովրդին նվաստացնելու համար, մեր «գերագույն Գաղջը» գնում է միանգամայն հակառակ ճանապարհով։ Նա ոչ թե ներողություն է խնդրում հանրության կեսին վիրավորելու, զրպարտելու համար, այլ ավելի է թեժացնում հռետորաբանությունը՝ բացեիբաց հայտարարելով «եժովյան ձեռնոցներ» հագնելու, քաղաքական հակառակորդներին «ունեզրկելու» և մարդկանց «հացին կակա ասել» պարտադրելու պատրաստակամության մասին։

Սա է ահա ներկա վարչակարգի խոստացած «100% օրգանիկ» ժողովրդավարության իսկական դեմքը։

Դատարկ, շպարված մի ցուցափեղկ, որի հետևում թաքնված է սովորական, տոտալիտար բռնապետության ախորժակը։ Ժողովրդավարությունն այս վարչակույտի համար երբեք էլ արժեք չի եղել, այն ընդամենը գործիք էր՝ իշխանության հասնելու և յուրացրած աթոռն ամեն գնով պահելու համար։

Եվ այստեղ է, որ կրկին աղաղակող է դառնում Հայտնության գրքի պատգամը՝ ուղղված Լաոդիկեի եկեղեցուն.

«Գիտեմ քո գործերը, դու, որ ո՛չ սառն ես և ո՛չ տաք, երանի դու սառը լինեիր և կամ տաք․ իսկ դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառը, հիմա պիտի փսխեմ քեզ իմ բերանից» (Հայտնություն 3։15-16)։

Քաղաքական ու բարոյական այս գաղջությունը երկար կյանք ունենալ չի կարող։

Պատմությունը բազմիցս է ցույց տվել՝ ստի, վախի ու սպառնալիքի վրա կառուցված ոչ մի բաստիոն հավերժ չէ։ Որքան ավելի են սեղմվում «եժովյան ձեռնոցները», այնքան ավելի արագ է մոտենում այն պահը, երբ հանրային արդար դատաստանն ու պատմությունը նույնպես իրենց բերանից դուրս կնետեն այս քաղաքական կեղծիքը։

Իսկ մինչ այդ՝ դիմակներն ամբողջությամբ պատռված են։ Ընտրությունը մերն է՝ շարունակե՞նք շնչել այս հեղձուցիչ «գաղջը», թե՞ տեր կանգնենք մեր իրական, քաղաքակիրթ ու արժանապատիվ ապագային։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ